Իրավագիտություն ՀՀ Սահմանադրություն

իրավագիտություն



Հոդված 100. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը եւ նիստը

1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:

2. Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

Հոդված 101. Ազգային ժողովի նիստերի հրապարակայնությունը

1. Ազգային ժողովի նիստերը հրապարակային են:

2. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ Կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, անցկացնում է փակ նիստ: Փակ նիստում քվեարկությունն արգելված է:

Հոդված 102. Ազգային ժողովի նիստերի իրավազորությունը

Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հոդված 103. Օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների ընդունումը

1. Օրենքները, Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները եւ ուղերձները, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

2. Ազգային ժողովի կանոնակարգը, Ընտրական օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, Սահմանադրական դատարանի մասին օրենքը, Հանրաքվեի մասին օրենքը, Կուսակցությունների մասին օրենքը եւ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը սահմանադրական օրենքներն են եւ ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սահմանադրական օրենքի իրավակարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից:

3. Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ:

4. Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները եւ ուղերձներն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 104. Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները եւ Ազգային ժողովի խորհուրդը

1. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ եւ նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը եւ նրա տեղակալներն ընտրվում եւ հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը:

3. Ազգային ժողովում ձեւավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից: Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է հերթական նստաշրջանների եւ նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ իրականացնում է Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 105. Ազգային ժողովի խմբակցությունները

1. Խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձեւավորմանը:

2. Խմբակցության մեջ ընդգրկվում են միայն միեւնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորները:

Հոդված 106. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները

1. Ազգային ժողովն օրենքների նախագծերի, իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է մշտական հանձնաժողովներ: Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան տասներկու մշտական հանձնաժողով:

2. Մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջեւ բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Հոդված 107. Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովները

Առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ:

Հոդված 108. Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները

1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

2. Քննիչ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը որոշում է Ազգային ժողովը: Քննիչ հանձնաժողովում նախագահում է պահանջը ներկայացնող պատգամավորներից մեկը:

3. Քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հանձնաժողովին տրամադրել հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանց տրամադրումն օրենքով արգելված չէ:

4. Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:

5. Քննիչ հանձնաժողովների գործունեության մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով:

Հոդված 109. Օրենսդրական նախաձեռնությունը

1. Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, Ազգային ժողովի խմբակցությունը եւ Կառավարությունը:

2. Օրենսդրական նախաձեռնության հեղինակը կարող է ցանկացած ժամանակ հետ կանչել իր ներկայացրած օրենքի նախագիծը:

3. Եթե Կառավարության եզրակացության համաձայն` օրենքի նախագիծն էականորեն նվազեցնում է պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում պետության ծախսերը, ապա Կառավարության պահանջով այդ օրենքը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն ընդունվում կամ մերժվում է երկամսյա ժամկետում:

5. Այն օրենքների նախագծերը, որոնց օրենսդրական նախաձեռնության բացառիկ իրավունքը պատկանում է Կառավարությանը, քվեարկության կարող են դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով:

6. Ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք:

Հոդված 110. Պետական բյուջեի ընդունումը

1. Ազգային ժողովը պետական բյուջեն ընդունում է Կառավարության ներկայացմամբ: Պետական բյուջեն օրենքով սահմանված կարգով ներառում է պետության բոլոր եկամուտները եւ ծախսերը:

2. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ:

3. Պետական բյուջեն ընդունվում է մինչեւ բյուջետային տարին սկսվելը: Այդ ժամկետում պետական բյուջեն չընդունվելու դեպքում, մինչեւ պետական բյուջեի ընդունումը, ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

Հոդված 111. Պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը

1. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ։

2. Ազգային ժողովը, Հաշվեքննիչ պալատի եզրակացության առկայությամբ, քննարկում եւ որոշում է ընդունում պետական բյուջեի կատարման մասին Կառավարության կողմից ներկայացվող տարեկան հաշվետվության վերաբերյալ:

Կարծում եմ սա լավ միտք է, բայց ավելի լավ կլիներ, եթե բոլորս բյուջեի ծախսման, քննարկման և կառավարման մեջ ընդգրկված լինեինք։ Կցանկանաի, որ բոլորի կարծիքը, ինչքանով որ դա հնարավոր է՝ հաշվի առնեին։



Հոդված 112. Պատգամավորների բանավոր եւ գրավոր հարցերը

1. Հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում:

2. Պատգամավորներն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելու իրավունք: Գրավոր հարցերի պատասխաններն Ազգային ժողովի նիստում չեն ներկայացվում:

Հոդված 113. Հարցապնդումները

1. Ազգային ժողովի խմբակցություններն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք: Կառավարության անդամները հարցապնդմանը պատասխանում են այն ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում:

2. Հարցապնդումների պատասխանները ներկայացվում են Ազգային ժողովի նիստում: Խմբակցության առաջարկությամբ հարցապնդման պատասխանը քննարկվում է: Եթե քննարկման արդյունքով պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից ներկայացվում է վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ, ապա կիրառվում են Սահմանադրության 115-րդ հոդվածի դրույթները: Հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը կարող է առաջարկել վարչապետին քննարկել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը:

Հոդված 114. Հրատապ թեմայով քննարկումները

Հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ:

Հոդված 115. Վարչապետին անվստահություն հայտնելը

1. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

2. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:

3. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

4. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:

Հոդված 116. Միջազգային պայմանագրեր վավերացնելը, կասեցնելը եւ չեղյալ հայտարարելը

1. Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝

1) որոնք վերաբերում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին, ինչպես նաեւ պարտականություններին.

2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.

3) որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.

4) որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.

5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.

6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.

7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր:

2. Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում եւ չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։

Հոդված 117. Համաներումը

Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք:

Հոդված 118. Պատերազմի հայտարարումը եւ խաղաղության հաստատումը

1. Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում:

2. Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Կառավարությունը:

Նորից ինչ-որ չափով համաձայն եմ, բայց դա պետք է լինի ընդհանուր ազգի միասնական որոշումը։



Հոդված 119. Ռազմական դրությունը

1. Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

4. Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ռազմական դրությունը շատ կարևոր է երկրի համար, բայց եթե երիտասարդ տղաներն են պաշտպանում երկիրը, դա շատ վատ է, քանի որ սերնդափոխությունը դադարում է, և եթե մենք բավականաչափ պատերազմ մտնենք, մենք այլևս չենք կարողանա աճել, կարծում եմ, որ մենք պետք է շատ ավելի շատ կենտրոնանանք զենքերի հզորության վրա, քան զինվորների քանակի:

Հոդված 120. Արտակարգ դրությունը

1. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

2. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

4. Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 121. Վարչատարածքային միավորները եւ բաժանումը

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը եւ համայնքները: Վարչատարածքային բաժանումը, Կառավարության ներկայացմամբ, սահմանվում է օրենքով:

Հոդված 122. Ինքնավար մարմինները

1. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաեւ Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքով կարող են ստեղծվել ինքնավար մարմիններ:

2. Ինքնավար մարմինների անդամները նշանակվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Ինքնավար մարմիններին օրենքով կարող է վերապահվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն:

4. Ինքնավար մարմինների լիազորությունները, անկախության երաշխիքները, անդամներին ներկայացվող պահանջները եւ գործունեության կարգը սահմանվում են օրենքով

Leave a comment